Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Կառավարությանը նեղն են գցել

Կառավարությանը նեղն են գցել
31.07.2009 | 00:00

Ա՜Խ, ՀԱՐԿԵՐ, ՀԱՐԿԵՐ
Արդեն քանի տարի է, Հայաստանում խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է բազմազանեցնել (դիվերսիֆիկացնել) տնտեսությունը: Եվ չնայած մեզանում այժմեական տնտեսական հիմնախնդիրներից շատերն այսօր կապվում են տնտեսական ճգնաժամի հետ, սակայն պետք է արձանագրել, որ ճգնաժամը, իհարկե, ունեցել է իր ազդեցությունը, մինչդեռ ավելի դինամիկ ու ճկուն տնտեսություն ունենալու պարագայում կարող էինք խուսափել շատ ու շատ խնդիրներից և ավելի հեշտ տանել տնտեսական ճգնաժամի հարվածները:
Անցյալ շաբաթ, երբ ամփոփվեցին առաջին կիսամյակի արդյունքները, պետական բյուջեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 52 մլրդ դրամի պակասուրդ արձանագրեց: Եվ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցուցակը վերլուծելիս պարզ երևում է, թե ովքեր են այս բարդ ժամանակահատվածում ծանրացրել կառավարության վիճակն ու նպաստել բյուջեի հսկայական պակասուրդին:
Պարզվում է` 52 մլրդ դրամ պակասուրդի հիմնական «մեղավորները» «Ղ-Տելեկոմն» ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն են, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարբեր վճարումների գծով պակաս են մուծել համապատասխանաբար 8,251 և 7,170 մլրդ դրամ կամ 2,5 և 10 անգամ պակաս գումար: Երկրորդի պարագայում իր դերն է խաղացել, ասենք, կտրուկ նվազած պղնձի արժեքը, որը, չնայած տարվա սկզբին գրանցված անկմանը, երկրորդ կիսամյակում թանկացել է 80 տոկոսով: Ինչ վերաբերում է «Ղ-Տելեկոմ»-ին, պետք է ենթադրել, որ կա՛մ մեր բնակչությունն է դադարել օգտվել տվյալ բջջային հեռախոսակապից, կա՛մ պատճառներն ուրիշ տեղ պետք է փնտրել։ Դժվար է պատկերացնել, որ որևէ երկրում կարող է գրանցվել այսպիսի ցուցանիշ, երբ ընդամենը երկու խոշոր ընկերությունների ոչ բարվոք վիճակն այսքան նեղն է գցում կառավարությանը:
Իրենց վճարումները նվազեցրել են նաև մեր մյուս գիգանտները` «ՀայՌուսգազարդը» և «Արմենիա Տելեֆոն Կոմպանին», որոնցից պետական բյուջեն առաջին վեց ամիսների կտրվածքով չի ստացել 750 մլն և 1,044 մլրդ դրամ: Հարկային պարտավորությունները զգալի պակասեցրել են նաև լեռնարդյունաբերական հումք մշակող «Մաքուր երկաթ» գործարանը` 1,439 մլրդ, ամրանների արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող «Միկմետալ»-ը` 962 մլն, հայկական կոնյակի արտադրության առաջատար «Երևանի կոնյակի» գործարանը` 634 մլն դրամ: Իսկ կոնյակի արտադրության մյուս առաջատարը` Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իր հարկային պարտավորությունները պակասեցրել է 596 մլն դրամով:
Չնայած տնտեսական ճգնաժամին և տնտեսության վարկավորման հետ կապված բարձր ռիսկայնությանը, հայկական բանկերը խոշոր հարկատուների ցուցակում զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը և տեղեր զբաղեցրել ցուցակի վերին հորիզոնականներում:
Թեև անցյալ շաբաթ վարչապետը հայտարարեց, որ, ի տարբերություն սույն թվականի ապրիլ ամսվա, մայիս-հունիսին շինարարության ծավալներն աճել են 2,5 անգամ, սակայն տեղական կառուցապատողների և շինարարական նյութերի ու այլ իրերի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունների դիրքերը սասանվել են: Մասնավորապես, «Իմեքս գրուպ»-ը, որը «Կերամիկա» և «Իդեալ» ցանցերի սեփականատերն է, ի տարբերություն նախորդ տարվա առաջին վեց ամիսների, մոտ 3 անգամ պակաս հարկ է մուծել: Շինարարական և սանտեխնիկական իրերի ներմուծմամբ զբաղվող այնպիսի ընկերություն, ինչպիսին «Եվրոպա»-ն է, անցյալ կիսամյակում իր հարկային վճարումները պակասեցրել է մոտ 2,5 անգամ։ «Սեմուր ընդ Կո», «Կոմֆորտ Ռ և Վ» ընկերությունները դուրս են մնացել խոշոր հարկատուների առաջին հարյուրյակից, իսկ «Արարատցեմենտ» ընկերությունը, որը նախորդ տարի տեղ էր գրավում ցուցակի 41-րդ հորիզոնականում, ընդհանրապես, լքել է «գիգանտների» աղյուսակը:
Տնտեսական ճգնաժամը կարծես թե այնքան էլ չի հարվածել ծխախոտի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերություններին: Երեք հարյուր խոշոր հարկատուների ցուցակում իր դիրքերն ավելի է ամրապնդել «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունը, որը 300 մլն դրամով ավելացրել է հարկային մուծումները: Ծխախոտի հայ սիրահարներին հուսախաբ չեն արել նաև տեղական արտադրողները, որոնցից «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 10 տոկոսով ավելի հարկ է մուծել, չնայած «Գրանդ Տոբակո»-ն հենց այդ չափով էլ նվազեցրել է իր հարկային պարտավորությունները: Իսկ ահա «ՍՊՍ Սիգարոն»-ի երկրպագուների թիվը պարզապես «կայծակնային» արագությամբ բազմապատկվել է, քանի որ ընկերությունը 3 անգամ ավելի հարկ է վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Հարկատուների ցուցակում իր կայուն տեղն է պահպանում բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, որն առաջին կիսամյակում անհամեմատ ավելի շատ է հարկեր մուծել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Կարելի է ենթադրել, որ հայերն սկսել են ավելի քիչ բանան և արևադարձային մրգեր օգտագործել, քանի որ դրանց ներմուծմամբ զբաղվող «Քեթրին գրուպ»-ը մոտ 2 անգամ պակաս հարկ է վճարել:
Բարվոք չեն նաև նոր ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը: Մասնավորապես, «Տոյոտա-Երևան» ընկերությունը 2 անգամ քիչ հարկ է մուծել, իսկ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Ֆորան», «Ավանգարդ Մոթորսը» և «Եվրովագենը», տեղեր են զբաղեցրել ցուցակի ստորին հորիզոնականներում:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3720

Մեկնաբանություններ